Վահան Տերյան

Վահան Տերյան. Նամակ Մարթա Միսկարյանին



«…Տխուր է: Արդյոք երազա՞նքն է անիրականալիի մասին, թե՞ կարոտը անդառնալի-հեռավորի մասին, չգիտեմ: Ինչ-որ տարօրինակ զգացողություն է: Կարծես թե նամակը հին, վաղուց ծանոթ, մի ժամանակ մոտիկ եւ անակնկալ հեռացած մեկից է: Կարծես հարազատ եւ տարորեն-հեռու, գուցե առհավետ, նույնիսկ ամենից հավանական է, առհավետ հեռու մեկից: Մի՞թե մենք կհանդիպենք: Մի՞թե կմտերմանանք երբեւէ:
«Կուզենայի ավելի մոտիկ…» «Այդպես դասավորվեցին հանգամանքները»:
Ես էլ էի ուզում, հիշո՞ւմ եք:
Ինձ էլ խանգարեցին հանգամանքները: Բայց չէ որ մեզանից յուրաքանչյուրը կարող էր ասել՝ «ուզո՛ւմ եմ»: Եվ մոտենալ: Մի՞թե սարսափելի է մարդուն մոտենալը եւ մոտիկից նայելը: Երբեմն՝ այո: Բայց չէ՞ որ ամեն մեկը չարժե դրան: Գուցե ես էլ չարժեմ: Իսկ Դո՞ւք: Չգիտեմ: Բայց ես կուզենայի ավելի մոտիկ լինել, ինչպես եւ դուք, եւ համենայն դեպս մենք չմոտեցանք: Իսկ գուցե հենց դո՞ւք եք նա, որը չկա այս աշխարհում: Լավ է նրանց համար, ովքեր սիրում են եւ սիրված են: Նրանց համար հանգամանքներ չկան:
Եթե ես սիրեի՜: … Մի տեսակ քարացել է հոգիս: Սառել է:
Անկամ ու հոգնած:
Գարունն այստեղ աշնան պես է:
Անձրեւ ու անձրեւ:
Տխրություն:
Մենակություն: Մշտապես:
Մենք բոլորս այդպես ենք: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք, ում որ սիրում եք: Սիրուց լավ բան չկա:
Իսկ ո՞վ կձայնի մեզ՝, մեռածներիս՝ «ելեք»: Ո՞վ կասի մեզ, տրտումներիս ու միայնակներիս՝ հավատով ու տիրական` «սիրեցե՜ք եւ դուք կհաղթեք մահվան»:
Անձրեւ է: Ցեխ: Գիշեր: Միայնություն: «Հեռվություն»: Ի՜նչ սարսափելի հեռվություն: Մարդ կարողանար սպանել այս միայնությունը: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք… Հանդիպում ես, ծանոթանում, բաժանվում: Հավիտենական շրջապտույտ: Եվ հոգումդ վերստին դատարկություն է ու միայնություն: Եվ թախիծ: Հոգնածո

ւթյուն, մահացու հոգնածություն: Ինձ թվում է, թե ես մեռնում եմ: Ուզում եմ, որ երբ կմեռնեմ, եւ շուրջս մահվան լռությունը կտիրի, գերեզմանիս վրա հանկարծ, բայց աննկատելի, երաժշտություն հնչի, որ ճերմակ շորերով մի աղջիկ բերկրալից խաղաղ տրտմությամբ լի, մի եղանակ նվագի անիրականալիի, հեռավորի, առհավետ հեռավորի մասին: Որ շուրջս ծաղկեն փաղքուշ, պայծառ անմոռուկներ, ինչպես լուսավոր տխրության եւ մեղմ ուրախության մեղեդի:
Ախ, նորից այս տաղտկալին, աշնանայինը, հնազանդն ու մորմոքունը, սիրտ ճմլողը: Հավերժորե՜ն, հավերժորե՜ն:
Մարդ ազատվեր սրանից, այս անբացատրելի, այս տարօրինակ տխրությունից: Այս սարսափելի հոգնածությունից: Այս տաղտուկից …»




ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...



ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ...


 * * *

Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և խոհե՜ր անհամար,
Մոռացված երազներ՝ շուշաններ թառամած,
Խնդություն հեռացած և՛ անցած, և՛ անդարձ,—
Տրտմություն մենավո՜ր, միաձա՜յն, միալա՜ր...
Մշուշներն են սահում... Սոսավում է ուռին...
Իմ օրեր անհատնում, անխնդում և անտուն.
Ցնորքնե՛ր լուսավառ, ընդունայն, ապարդյուն,
Մոռացված է հավետ արևոտ ձեր ուղին...
Սև խոհեր անսպա՜ռ, անհամա՜ր, անհամա՜ր,
Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և հուշե՜ր ընդունայն,
Երազնե՜ր իմ անդարձ — ծաղիկնե՜ր իմ գարնան.
Ի՞նչ կանչով ձեզ կանչեմ, ինչպես լամ ձեզ համար։



* * *

Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
—Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը լցրին.
— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։

Սիրտ իմ, այդ ո՞ ւմն ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան...



* * *

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։



* * *

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց...



ԱՇՈՒՆ

Մեգ է, անձրև ու մշուշ
Իմ այգում մերկ,
Դառը թախիծ ու վերհուշ, —
Անվախճան երգ։
Հողմն է լալիս թփերում
Մերկ ու վտիտ.
Ցուրտ է, խավար է հեռուն
Եվ անժպիտ։
Սիրտըս թախծոտ ու խոցոտ,
Հոգիս հիվանդ, —
Ո՞վ արևոտ ու բոցոտ
Կըվառե խանդ։
Տունըս ավեր ու խավար՝
Օրըս անլույս,
Ո՞վ կըվառե ոսկեվառ
Երազ ու հույս....



ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ
Աշուն է, անձրև… Ստվերներն անձև 
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև՜…
Սիրտըս տանջում է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասի՛ր, լսի՛ր. ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայի՛ր, ա՜խ, նայի՜ր՝ ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…

Անձրև է, աշուն… Ինչու՞ ես հիշում,
Հեռացա՛ծ ընկեր, մոռացա՛ծ ընկեր,
Ինչու՞ ես հիշում.
Դու այնտեղ էիր՝ այն աղմկահար 
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նք ես տեսել, դու կյա՛նք ես հիիշում-
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լու՜յս…
Իմ հոգու համար չըկա արշալույս.
Անձրև՜ է, աշու՜ն…



ԱՇՆԱՆ ԵՐԳ

Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դե ղին,
Պատեցին իմ ուղին...
Ճաճանչները թոշնան...
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր...
Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն...

ԱՇՈՒՆ

Դալուկ դաշտեր, մերկ անտառ...
— Մահացողի տըխո՜ւր կյանք...
Անձրև, քամի, սև կամար...
— Սրտակտուր հեկեկանք։
Միգում շողաց մի ցուրտ լույս.
— Օ՜, արդյոք կա՞ վերադարձ.—
Մահացողի անզոր հույս,
Վհատ սրտի տխուր հարց...
Անուժ ցավի ցուրտ կապար...
Մահացողի տխուր կյանք.
— Անմխիթա՜ր, անսպա՜ռ
Վհատության հեկեկանք...



Կարծես թե դարձել եմ ես տուն

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.
Շարժում ես իլիկը մեր հին,
Մանում ես անվերջ ու արագ:
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ:
Գըլուխըս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում:
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Ւլիկըդ խոսում է անուշ..


Նորից դու հին տեղը նստում,
Մանում ու հեքիաթ ես ասում,
Նայում եմ, մինչև որ անզոր
Արևը հանգչում է հեռվում,






Комментариев нет:

Отправить комментарий